Վանաձորում հակատանկային ական է հայտնաբերվել

lorinews.com Այսօր՝դեկտեմբերի 9-ին, Վանաձոր քաղաքի կենտրոնում ականանման իր է հայտնվել:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռու թղթակիցը, ժամը 16:40-ին ԱԻՆ Լոռու մարզային փրկարական վարչության դիսպետչերական կետում ստացվել է ահազանգ, որ Բաթումիի 15 շենքի մոտակայքում  ականանման առարկա է հայտնաբերվել:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը, ինչպես նաեւ ոստիկաններ: Նշված վայրում հայտնաբերվել է  ուսումնական հակատանկային ական՝ ջարդված վիճակում:

«Ուսանող դեսպանների ծրագիրը» շուտով կհյուրընկալվի Վանաձորում

lorinews.comՄիջազգային կրթության Ամերիկյան Խորհուրդներ ACTR/ACCELS հայաստանյան գրասենյակը, Education USA կրթական խորհրդատվական կենտրոնը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ դեկտեմբերի 10-ին Վանաձորում մեկնարկելու է   ԱՄՆ բարձրագույն կրթության հնարավորությունների մասին դասախոսությունների շարքը:
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են ուսումը շարունակելու ԱՄՆ համալսարաններում, քոլեջներում, «Ուսանող դեսպանների ծրագրի» շրջանակներում շուրջ երեք ամիս տեւողությամբ դասախոսությունների շնորհիվ մանրամասն տեղեկատվություն եւ խորհրդատվություն կստանան ԱՄՆ բուհերի ընթացակարգի վերաբերյալ:
Դասընթացավար, Լոռու մարզի ուսանող-դեսպան  Շուշաննա Աբովյանը, ով ԱՄՆ-ում ուսման ընթացքում ստացած իր փորձն է կիսելու  ծրագրի մասնակիցների հետ, Aravot.am –ի հետ հարցազրույցում նշում է, որ   դասախոսությունների շարքը երիտասարդներին ոչ միայն հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմելու ԱՄՆ կրթական համակարգի մասին, այլեւ մասնակիցները կստանան խորհրդատվություն, ինչպես նաեւ ծրագրի ավարտին լիարժեք պատկերացում կկազմեն բուն համալսարաններ դիմելու ձեւերի, չափորոշիչների վերաբերյալ:  «Կլինեն նաեւ գործնական պարապմունքներ, քանի որ դասախոսությունների շարքը ներառում է TOEFL, GRE, ստանդարտացված թեստերի մասին քննարկում, էսսե-շարադրություններ գրելու հմտությունների ձեռքբերում »: Շուշաննա Աբովյանը նշում է, որ ծրագիրը միտում ունի  Education USA ծառայությունները  հասանելի դարձնել նաեւ մայրաքաղաքից դուրս գտնվող հեռանկարային ուսանողների համար:«Այսինքն` ուսանողներին տալիս ենք մաքսիմալ ռեսուրսներ ԱՄՆ բուհական կրթության վերաբերյալ: Շատերը ցանկանում են, օրինակ, դիմել ԱՄՆ որեւէ համալսարան, սակայն չգիտեն, թե որտեղից սկսեն, ինչ անեն: Այստեղ նրանց օգնության է հասնում  “Ուսանող դեսպանների ծրագիրը»:
Ծրագիրը իրականացվել է նաեւ անցած տարի` ընդգրկելով 5 մարզ՝ Լոռի (Վանաձոր), Շիրակ (Գյումրի), Սյունիք (Կապան), Կոտայք (Չարենցավան) եւ Տավուշ (Իջեւան): Այս տարի ծրագիրը իրականացվում է Վանաձորում,  Գյումրիում, Չարենցավանում, Արմավիրում եւ Աշտարակում:
Լոռու մարզի ուսանող-դեսպան Շուշաննա Աբովյանը տեղեկացնում է, որ ծրագրի արդյունքում ունեցել են մասնակիցներ, ովքեր մասնակցել են ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի, եղել են նաեւ  այնպիսի մասնակիցներ, ովքեր ինքնուրույն դիմել են ԱՄՆ համալսարաններ եւ այժմ շարունակում են իրենց ուսումը ԱՄՆ-ում:
Նա հավելում է, որ  դասախոսությունների ընթացքում մասնակիցների հետ իրենց փորձն ու ու գիտելիքներն են  կիսելու նաեւ հրավիրված  այլ մասնագետներ:
«Յուրաքանչյուր դասախոսությանը մենք ունենալու ենք նաեւ հյուր-խոսնակներ՝ ԱՄն կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանավարտներ, Խաղաղության Կորպուսի կամավորներ, ովքեր գալիս են կիսելու իրենց փորձը ԱՄՆ կրթության վերաբերյալ: Անցյալ տարի, օրինակ, հյուրընկալել էինք նաեւ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ներկայացուցիչներին, ովքեր ներկայացնում էին համալսարանը եւ առաջարկվող ծրագրերը: Այս տարի եւս նույն կերպ ենք աշխատելու, հնարավոր է` հյուրեր ունենանք նաեւ ԱՄՆ դեսպանատնից»,-եզրափակում է Լոռու մարզի ուսանող-դեսպանը:
ՀԳ. Առաջին դասախոսությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 15:30-ին Վանաձորի ամերիկյան անկյանը, Վարդանանց 25 հասցեում:

Կորել է Վանաձորի մանկատան սանը. շրջանառվում են իրարամերժ վարկածներ

lorinews.com NEWS.am-ի Լոռու թղթակցի տեղեկություններով՝ Վանաձորի մանկատան նախկին սան, 17-ամյա Խաչիկ Գալստյանի մասին արդեն մի քանի ամիս է հարազատները տեղեկություն չունեն:
Մեզ հասած տեղեկություններով՝ դեռեւս հունիսին Խաչիկը փախել է Վանաձորի մանկատնից եւ ուղեւորվել Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղ՝ մոր մոտ:
NEWS.am-ի Լոռու թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաեւ Խաչիկ Գալստյանի մայրը՝ տիկին Լուսիկը. «Դեռ հունիսին ինքը մանկատնից փախավ եկավ իմ մոտ, հետո սեպտեմբերի 19-ին գնաց Արթիկ ՔԿՀ՝ հորը տեսնելու, ու էդ օրվանից մինչ օրս ոչ մի լուր չկա»,-ասաց նա: Մոր պատմելով ինքը սեպտեմբերի 19-ին որդու անհետանալու մասին տեղեկացրել է ոստիկանության ինչպես Գյումրիի, այնպես էլ Արթիկի բաժիններին: «Գնացի ոստիկանություն, դիմում գրեցի, որ երեխաս չկա, կորել է, բայց մինչ այսօր ոչ մի տեղեկություն չունեմ»,-ասաց նա: Տիկին Լուսիկի փոխանցմամբ՝ ինքը չի պատկերացնում, թե ուր  գնացած կարող է լինել որդին:
Իսկ ահա Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը, հերքելով վերը նշված վարկածն, իր հերթին նշեց, որ Խաչիկ Գալստանն արդեն դուրս է գրվել մանկատնից՝ մոր դիմումի համաձայն, եւ մանկատան հետ որեւէ կապ այս պահին Խաչիկ Գալստյանը չունի:
Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի Լոռու թղթակցին հայտնեցին, որ ոստիկանության Շիրակի մարզի Գյումրիի եւ Արթիկի բաժիններում նման տվյալներով անձի մասին հաղորդում չի ստացվել:
Մինչդեռ մայրը մեզ հետ զրույցում բազմիցս պնդեց, որ ինքը անձամբ է դիմում գրել, նույնիսկ ոստիկանությունից են իր հետ հանդիպել թեմայի հետ կապված:
Նշենք, որ մեր հավաստի տեղեկություններով, Խաչիկ Գալստյանը բազմիցս է փախուստի դիմել Վանաձորի մանկատնից, այնուհետ կրկին ինքնակամ վերադարձել մանկատուն: Իսկ թե ուր է 17-ամյա պատանին, դեռեւս ոչ ոք չգիտի:
Նշենք, որ Խաչիկ Գալստյանը Վանաձորի մանկատանն է հայտնվել  3 տարեկան հասակում՝ 7-ամյա եղբոր՝ Գեւորգ Գալստյանի հետ: Վերջինս վաղուց է դուրս գրվել Վանաձորի մանկատնից եւ իր փոխանցմամբ, տեղեկություններ չունի եղբոր գտնվելու վայրի մասին: