Մեղվաբուծության առումով 2012-ը վատ տարի էր. մեղվաբույծ

tert.am Հայաստանում այս տարի մեղվաբուծության առումով վատ տարի էր, պատճառը՝ բնակլիմայական պայմաններն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ նախագահ Թելման Նազարյանը:
«Մարտ ամսին շոգ արեց, հետո անձրևներ եղան, իսկ մեղուների բերքատվությունը շատ կարճ է տևում: Գալիս են Ֆրանսիայից մեղր են ուզում լավ էլ թանկ գներով, վերջերս էլ արաբական երկրներից եկան: Բայց չենք կարող տալ, քանի որ մեր ազգին նոյնիսկ չի հերիքում»,- ասաց Թելման Նազարյանը:
Մեղվաբույծը նշեց, որ այս պահին Հայաստանում կա 200 հազ. մեղվաընտանիք, որոնք ամեն տարի տալիս են մինչև հազար տոննա մեղր, այս տարի մոտավոր հաշվարկներով 50-100 տոննա է կազմել:
Թելման Նազարյանն անդրադարձավ նաև մեղվամթերքին և ընդգծեց, որ մեղվաբուծությունը պետության աջակցության կարիքը ունի, որի շնորհիվ հնարավոր կլինի արտադրել մեծ քանակությամբ մեղվափոշի, մեղվակաթ, մեղվաթույն և այլն:
«Եթե Աստված տալիս է մի հիվանդություն, տալիս է նաև դրա բուժման միջոցները: Շատ հիվանդություններ այսօր կարելի է բուժել մեղվամթերքի միջոցով: Դրանցով կարելի է բուժել սիրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ուռուցքներ և այլն:
Ներկայումս դրանք Հայաստանում արտադրվում են, բայց քիչ քանակությամբ»,- ասաց նա:
ՀԿ-ի նախագահն ընդգծեց, որ Հայաստանում արտադրվող մեղրը տարբերվում է ամբողջ աշխարհում իր բազմածաղկային լինելով և նրանով, որ մեղուները նեկտար են հավաքում այնպիսի խոտաբույսերից, որոնք չեն աճում այլ երկրներում: